10 դեկտեմբերի 2012 - 13:49 AMT
Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ այս շաբաթ

Վրաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության Ռուսաստանի հետ, ասել է լրագրողներին ռուս-վրացական հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն՝ մեկնաբանելով Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

Աբաշիձեն ողջունել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի երեկվա հայտարարությունը, ըստ որի կողմերի հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում:

«Հաստատում եմ, որ առաջիկայում տեղի կունենա իմ ոչ պաշտոնական հանդիպումը ՌԴ ներկայացուցչի հետ: Հանդիպման վայրը Եվրոպայում և ամսաթիվը ճշտվում են: Մենք նաև դրական ենք գնահատում ՌԴ ԱԳՆ ղեկավարի այն հայտարարությունը, որ Մոսկվան պատրաստ է վերականգնել առևտրա-տնտեսական կապերը Վրաստանի հետ»,-ասել է նա:

Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն ճեպազրույցում ասել է, որ ՌԴ ներկայացուցիչների հետ Աբաշիձեի հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ: