10 դեկտեմբերի 2012 - 13:25 AMT
Ալեքսանդր Մանասյան. ԼՂՀ-ն Հարավային Կովկասի ամենակայացած պետություններից մեկն է

Արցախի Հանրապետությունը Հարավային Կովկասում եթե ոչ ամենակայացածը, ապա ամենակայացած պետություններից մեկն է դարձել ժողովրդավարական ինստիտուտների կայացման, տնտեսական զարգացման, ներքաղաքական կայունության տեսակետից: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: «Այս ամենին Արցախը հասել է շրջափակման և դժվար պայմաններում, ինչը ավելի է ընդգծում այն տարբերությունը, որ կա Արցախի և Ադրբեջանի հասարակությունների և իշխանությունների միջև: Ադրբեջանը մեծ անդունդն է ընկած՝ այդ թվում նաև ժողովրդավարության, սոցիալական իդեալների, մենթալիտետի և հոգեկերտվածքի տեսակետից»,- նկատեց պրոֆեսորը: Ըստ Ալեքսանդր Մանասյանի՝ ԼՂՀ ճանաչմանն ուղղված քայլերը, թեկուզ պետությունների նահանգների մակարդակով, անպայման կվերաճեն մեծ գործըթանցի:

Ավելացնենք, որ այսօր ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրն է: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ անկախության հանրաքվեն, իսկ 15 տարի անց` 2006 թվականին նույն օրը, կրկին համաժողովրդական հանրաքվեի միջոցով Արցախն ընդունեց պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը: