10 դեկտեմբերի 2012 - 13:26 AMT
Գոմեշի միս, սոյա, օսլա, ալյուր. Սպառողին խաբելու համար երշիկ արտադրող 21 ընկերություն է տուգանվել

Երշիկ արտադրող 21 ընկերություններ տուգանվել է նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով: Այսօր այս մասին ՏՄՊՊՀ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Երշիկ արտադրող ընկերությունները խախտել են բարեխիղճ մրցակցության կանոնները: Հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ երշիկի արտադրության մեջ օգտագործվել է սոյա, օսլա, սպիտակաձավար, ալյուր և այս մասին սպառողներին չի տեղեկացվել: Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ որ երշիկի որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի միսը: Այս եզրակացությանը հանձնաժողովը եկել է փաստաթղթային ստուգումներից հետո: Փաստաթղթերում նշված է, որ արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կիլոգրամի գինը 700-800 դրամ է, ինչը խոզի ու տավարի մսի պարագայում հնարավոր չէր լինի, մինչդեռ գոմեշի մսի գինը հենց այդքան է:

Անբարեխիճ մրցակցության համար տուգանված ընկերություններն են՝ «Մուշ», «Ա.Բիլյան», «Նատֆուդ», Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»,« «Ա.Շիրվանյան և ընկերներ», «Արտյոմ և Հրայր եղբայրներ», «Առ Դելիկատես», «Լումա», «Հայր և որդի Գալստյաններ», «Կարինե և Նարինե», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ, «Նեպտուն Մար», «Սոս 97»: