10 դեկտեմբերի 2012 - 14:13 AMT
Նորընտիր պատգամավորները ծանոթացել են միջխորհրդարանական գործակցության լավագույն փորձին

Դեկտեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում միջխորհրդարանական համագործակցության և դիվանագիտության թեմայի շուրջ կլոր սեղան քննարկում է տեղի ունեցել: Կլոր սեղանը կազմակերպել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակից PanARMENIAN.Net-ին հայտնում են, որ միջոցառման մասնակից մոտ հիսուն խորհրդարանականներ բանավիճել են խորհրդարանական դիվանագիտության դերի վերաբերյալ, ինչպես նաև մարտահրավերների մասին այնպիսի միջխորհրդարանական հիմնական մարմինների հետ աշխատանքում, որոնց Հայաստանն անդամակցում է, ինչպիսիք են ԵԱՀԿ ԽՎ, Եվրոպայի խորհրդի, ԱՊՀ, ՀԱՊԿ, «Եվրոնեստ», ՍԾՏՀ (Սևծովան տնտեսական համագործակցության կազմակերպություն) և ՆԱՏՕ խորհրդարանական մարմինները:

Միջազգային և տեղական փորձագետները նորընտիր պատգամավորներին ներկայացրել են միջխորհրդարանական գործակցության և դիվանագիտության լավագույն փորձը` նպատակ ունենալով հզորացնելու ՀՀ օրենսդիր մարմնի դերը երկրի դիվանագիտական աշխատանքներում:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և Ազգային ժողովի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նախաձեռնությունը ԵԱՀԿ գրասենյակի Հայաստանի խորհրդարանի ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների զարգացնմանն ուղղված ծրագրի մաս է: