4 հունիսի 2005 - 09:39 AMT
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՄԵԿՆԵԼՈՒ Է ՃԱՊՈՆԻԱ ԵՎ ԹԱՅԼԱՆԴ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հնգօրյա աշխատանքային այցով կմեկնի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Այցի շրջանակներում Մարգարյանը կայցելի նաեւ «Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսին: Հունիսի 7-ին հայկական պատվիրակությունը կմասնակցի «Էքսպո-2005» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելիք Հայաստանի Հանրապետության ազգային օրվան նվիրված միջոցառումներին: Միջոցառմանը կներկայացվեն Հայաստանի մասին կինոնկարներ, ինչպես նաեւ երաժշտական եւ պարային կատարումներ: Բացի այդ այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը նրա Ճապոնացի գործընկեր Ջյունիչիրո Կոիձումիի, խորհրդարանի ստորին պալատի նախագահ Չիկագե Ուգիի, ինչպես նաեւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահի տեղակալ Ացուշի Հատակենակայի հետ: Ճապոնիա այցից հետո, Թայլանդի վարչապետի հրավերով, հայկական պատվիրակությունը հունիսի 9-13-ը աշխատանքային այցով կմեկնի նաեւ Թայլանդ: Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Թայլանդի վարչապետ Տաքսին Շինավատրայի եւ Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Բհոկին Բալակուլայի հետ: