10 դեկտեմբերի 2012 - 16:17 AMT
Ըստ ֆրանսիացի պատգամավորների, խաղաղության Նոբելյան հաջորդ մրցանակը պետք է շնորհվի Մալալա Յուսուֆզային

Ավելի քան 150 ֆրանսիացի խորհրդարանականներ նամակ են ուղարկել Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողով` խնդրելով հաջորդ խաղաղության մրցանակը շնորհել 15-ամյա պակիստանցի Մալալա Յուսուֆզային, որի դեմ հոկտեմբերին մահափորձ է կատարվել: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` մեջբերելով ֆրանսիական ԶԼՄ-ները:

«Բոլոր քաղաքական ուղղությունները ներկայացնող պատգամավորները ստորագրել են համապատասխան խնդրագիր, որն ուղարկվել է հանձնաժողովին»,- հայտարարել է Ֆրանսիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Ժողովրդական շարժման աջակցության միության սենատոր Ժոել Գարիո Մեյլամը:

Մալալա Յուսուֆզայը 11 տարեկանում սկսել է բլոգ վարել, որում պատմել է մահապատիժների և սպանությունների մասին, որոնք տեղի են ունեցել Սվատ հովտում, որը 2007-2009թթ. գտնվել է «Թալիբանի» գրոհայինների հսկողության տակ: