
Դեկտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացել է հայտնի պատմաբան, վրացագետ Պարույր Մուրադյանի հիշատակին նվիրված երեկո: Այս մասին հայտնում է «Հայարտուն» կենտրոնը:
Հիշատակի երեկոն կազմակերպել էին «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ մտավորականների միությունը: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, գիտականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ:
Հուշ երեկոյին մասնակցելու համար Երևանից հատուկ ժամանել էին վաստակաշատ գիտնականի ընտանիքի անդամները: Վրաստանի հայ մտավորականների միության Թբիլիսյան կազմակերպության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը խոսել է Մուրադյան գիտնականի այն մեծ վաստակի մասին, որը ներդրվել է մագաղաթյա մատյանները, սեպագիր արձանագրությունները ճիշտ վերծանելու, պատմական տարբեր խնդիրները մեկնաբանելու գործում: Բանախոսը այդ առթիվ հիշատակել է հայագետ Զազա Ալեքսիձեի խոսքերն այն մասին, որ Պարույր Մուրադյանի ասածի մեջ միշտ հնչում էր ճշմարտության ձայնը:
Օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդը արժևորել է մեծ գիտնականի վաստակը, ով հենվելով պատմական նյութերի վրա, միշտ էլ տալիս էր դրանց ճշմարտացի գնահատականը և այդ պատճառով նրա խոսքն ու գործը ուներ ծանրակշիռ արժեք:
Հուշ-երեկոն իրենց նվագակցություններով գեղեցկացրել են ջութակահարուհիներ Ելենա Շաշիաշվիլին և Մարինա Կիրակոզովան ու դաշնակահար Կարեն Միրզոյանը: