10 դեկտեմբերի 2012 - 17:16 AMT
Ամփոփվեց ՄԱԿ-ի կազմակերպած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը

Այսօր Երևանում տեղի ունեցավ ՄԱԿ-ի գրասենյակի և գործընկերների կազմակերպած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ամփոփումը: Այս տարվա թեման թվային դարաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությունն էր:

ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն իր ելույթում նշեց, որ մրցույթը միջազգային է, քանի որ այն զուգահեռաբար անցկացվում է նաև Ուկրաինայում և Ավստրայում: Նա նշեց, որ տարբեր շարժումների ակտիվիստներն ակտիվ են ոչ միայն իրական կյանքում, այլև վիրտուալ դաշտում, մասնավորապես սոցիալական ցանցերում, որը նրանց համար գործիք է: Լավագույներին որոշել է միջազգային ժյուրին, քվեարկությանը մասնակցել են նաև Youtube կայքի օգտատերերը:

Հաղթող ֆիլմերը հիմնականում թիմային աշխատանք են: Առաջին մրցանակին արժանացավ Homohabilis («Հմուտ մարդը») ֆիլմը, երկրորդ մրցանակին` «Իրական իրավունքներ վիրտուալ իրականությունում» թիմային աշխատանքը: Ըստ Youtube-ի օգտատերերի՝ լավագույնը Արեն Մալաքյանի «Enter» ֆիլմն է, իսկ «Ճանաչիր քո իրավունքները թվային դարաշրջանում» ֆիլմը` երկրորդը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների միջազգային օրն է: 1948 թվականին այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, իսկ 1950 թվականին դեկտեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարվել է Մարդու իրավունքների միջազգային օր: