6 հունիսի 2005 - 07:27 AMT
ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ՀԱՅ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիյանգ Նգուեման հրամանագիր է ստորագրել վեց հայ օդաչուներին ներում շնորհելու մասին, որոնք նախորդ տարվա նոյեմբերին դատապարտվել էին ազատազրկման երկարատեւ ժամկետների: Հասարակածային Գվինեայի նախագահը հայտարարել է, որ ներման մասին հրամանագիրը բարի կամքի դրսեւորում է` իր ծննդյան օրվա նախօրեին: Հայ օդաչուները անմիջապես կազատվեն բանտից եւ կվերադառնան Հայաստան: Նշենք, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի Հայերի Միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը հայտարարել էր, որ ակտիվորեն զբաղվում է հայ օդաչուների ազատ արձակման հարցերով եւ հույս ունի, որ շուտով կկայացվի դրական որոշում: Նշենք, որ մի քանի ամիս առաջ Հասարակածային Գվինեայի մայրաքաղաք Մալաբոյում հայ օդաչուների հնարավոր ազատ արձակման մասին բանակցություններ էր վարում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: