10 դեկտեմբերի 2012 - 18:21 AMT
Բրյուսելում կապամոնտաժեն մետաղյա տոնածառը, որը դրվել է մահմեդականներին գոհացնելու համար

Բրյուսելի իշխանություններն ու ոստիկանությունը որոշել են ապամոնտաժել մետաղյա տոնածառը, որը դրվել է Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակում: Դիտորդները դա կապում են քրիստոնյաների բողոքների հետ, որոնք որոշման մեջ նկատել էին մահմեդականներին գոհացնելու ցանկություն՝ սպառնալիքի տակ դնելով քրիստոնեական արժեքները:

Բրյուսելի իշխանությունները որոշել էին այս տարի ավանդական տոնածառ չդնել կենտրոնական հրապարակում՝ փոխարինելով այն էլեկտրոնայինով: Նախօրեին բողոքի երթ տեղի ունեցավ: Բելգիայի քրիստոնյաները համարում են, որ իշխանությունները հրաժարվեցին քրիստոնեական ավանդույթից՝ մահմեդականներին գոհացնելու համար, որոնց թիվը Բրյուսելում հասնում է 250 հազարի:

Քաղաքային իշխանությունները հերքել են այն մեղադրանքները, թե որոշման հիմքում կրոնական ենթատեքստ կա՝ պնդելով, որ ուղղակի ցանկանում էին արդիականացնել դարավոր ավանդույթը:

Մետաղյա տոնածառը կապամոնտաժվի դեկտեմբերի 28-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: -ԿԱ