10 դեկտեմբերի 2012 - 17:53 AMT
ԵՀՄՖ. Դեսպան Միգաշը պատասխանատու է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի խախտման համար

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունից հայտնում են, որ այսօր Բրատիսլավայում տեղի է ունեցել ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հարցազրույցը հետևյալ 3 հարցերի շուրջ. 1. Թուրքիայի դեսպանուհի Գյուլհան Ուլուտեկինի դեմ հարուցված քրեական գործի շուրջ մանրամասները, 2. Ռուսաստանում, Ադրբեջանում և Հայաստանում Սլովակիայի դեսպան Յոզեֆ Միգաշի դեմ հարուցված քրեական գործի արդյունքը, 3. Ստրասբուրգի և Հաագայի դատարաններ Հունգարիայի վարչապետ Օրբանի դեմ կաշառակերության և պետական կոռուպցիայի կազմակերպման ու Ադրբեջանի դեմ վերջինիս կողմից հայ սպայի սպանման հարցով պետական ահաբեկչության կազմակերպման շուրջ դատական գործընթացներ սկսելու մասին:

Պարոն Գրիգորյանը դիմեց լրագրողների օգնությանը` պարզելու համար, թե տիկին դեսպանուհի Ուլուտեկինի շուրջ Սլովակիայի Ներքին գործերի նախարարության հայտարարությունն առ այն, որ տիկին Ուլուտեկինն ամբողջովին ընդունում ու համաձայն է Հայոց ցեղասպանության փաստի հետ, որքանով է համապատասխանում իրականությանը: Պարոն Գրիգորյանը դիմեց բոլոր լրագրողներին առաջարկելով պաշտոնական լրագրողական հարցում ուղղել թուրք դեսպանուհուն այս հարցի պարզաբանման շուրջ:

Դեսպան Միգաշի խնդրի շուրջ պարոն Գրիգորյանը ներկայացրեց Սլովակիայի Ներքին գործերի նախարարության և դատախազության որոշումները դեսպան Միգաշի դեմ հարուցված քրեական գործով: Սլովակիայի դատախազությունն իր որոշմամբ անընդունելի է համարել Ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված որոշումն առ այն, որ դեսպան Միգաշին անհնարին է պատժել ըստ ՔՕ-ի 424ա պարագրաֆով նախատեսված 5 տարի ազատազրկմամբ, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի: Դատախազությունն իր որոշմամբ չեղյալ է հայտարարել ՆԳ նախարարության որոշումը, քանի որ իրականում դեսպան Միգաշը դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվելու իրավունք ունի միայն այն երկրներում որտեղ ինքը դեսպան է կարգված, ասել է թե Ռուսաստանում, Ադրբեջանում և Հայաստանում: Այնպես, որ նա լիովին պատասխանատու է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի խախտման դեպքում: Միաժամանակ դատախազն իր որոշման մեջ նշել է, որ դեսպան Միգաշի նկատմամբ վարչարարական պատիժ պարտավոր է սահմանել Սլովակիայի ԱԳ նախարարությունը, եթե հաստատվի որ դեսպանը չի ունեցել բավարար տեղեկատվություն վերոհիշյալ օրենքի շուրջ:

Պարոն Գրիգորյանը հայտարարեց, որ ԵՀՄՖ-ը հետամուտ է լինելու այդ գործընթացին և հասնելու է դեսպանի նկատմամբ դատական մեղադրանք ստանալուն: Լրագորղի այն հարցին, թե արդյոք պարոն Գրիգորյանը չունի որևէ անձնական ոխ դեսպան Միգաշի նկատմամբ, տրվեց հստակ պատասխան, որ :

Վերջում Գրիգորյանը ներկայացրեց Ստրասբուրգի դատարանում Հունգարիայի վարչապետ Օրբանին կոռուպցիայի և պետական կոռուպցիայի կազմակերպման շուրջ մեղադրանքներով դատական գործընթաց սկսելու ու Հաագայի միջազգային դատարանում ամենաբարձր, արհեստավարժ իրավաբանների օգնությամբ գործ կազմելու և Ադրբեջանին պետական տերորիզմի մեջ մեղադրանք ներկայացնելու շուրջ: Հունգարական MTI լրատվական գործակալության լրագրողի այն հարցին, թե ինչ աշխատանքներ է կատարվում հայկական պետության և ԵՀՄՖ-ի կողմից Հաագայի դատարանում դատական գործընթաց սկսելու հարցում, պարոն Գրիգորյանը պատասխանեց, որ մինչ փետրվարյան նախագահական ընտրությունները վերոհիշյալ հարցերի շուրջ ընթանալու են ոչ ակտիվ աշխատանքներ և միայն ընտրություններից հետո աշխատանքները կմտնեն նոր ակտիվ զարգացման փուլ: Լրագրողները խնդրեցին մամլո ասուլիսների միջոցով իրենց տեղյակ պահել այս գործընթացների շուրջ և պայմանավորվեցին նաև ակտուալ տեղեկատվություն ստանալ միջասուլիսյան ժամանակահատվածներում ուղղակիորեն ԵՀՄՖ-ի գրասենյակից: Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի կարծիքի մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցը ԵՀՄՖ-ը հասնելու է նրան, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի սլովակյան փորձը տարածվի նաև Հայոց ցեղասպանության բանաձևերն ընդունած երկրներում, հայտնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը: