10 դեկտեմբերի 2012 - 18:35 AMT
Սոնա Այվազյանը նախագահին առաջարկում է նախ ազատվել կուռումպացված պաշտոնատար անձանցից

Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կոռուպցիոն ռիսկերի հետևանք են: Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամում Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ նման կարծիք հայտնեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը: Այն, որ այս երկու երևույթներն ուղղակիորեն կապված են, ըստ Սոնա Այվազյանի, ապացուցում է նաև այն հանգամանքը, որ այսօր հասարակությունը չի կարողանում իրացնել իր ազատ ընտրության իրավունքը և չի կարողանում իշխանափոխություն անել ընտրության միջոցով: «Վարչական ռեսուրսն է օգտագործվում, կեղծում են ընտրությունները»,- ասաց նա: Նա նկատեց, որ այս ամենը մեկ մարդուց է կախված՝ առանց անուններ տալու: «Առավել կարևոր է, որ պետական կառույցները զբաղվեն կոռուպցիայի դեմ պայքարով և պատժելիություն լինի: Մինչև իրական մեղավորները չպատժվեն, և ոչ թե թույլ օղակները, ոչ ոք չի հասկանա, որ դա վատ երևույթ է և հանցագործություն է»,- ասաց Սոնա Այվազյանը:

Նա նշեց նաև, որ երկրի նախագահը հայտարարել է, թե պայքարելու է կոռուպցիայի դեպ վիրահատական մեթոդներով: Սոնա Այվազյանը առաջարկեց նախ ազատվել կուռումպացված պաշտոնատար անձանցից: Իսկ առաջիկա ընտրություններում պետք է ապահովել նախագահական ընտրություններում արդար և թափանցիկ գործընթաց, որը ամենակարևոր քայլը կլինի հասարակության վստահությունը բարձրացնելու առումով:

Նա ասաց, որ շատ կարևոր է, որպեսզի երկրում լինի կոռուպցիայի դեմ պայքար՝ հանուն մարդու իրավունքների: Ըստ Սոնա Այվազյանի՝ նախորդ տարվա համեմատ կոռուպցիոն ռիսկերը Հայաստանում չեն պակասել: