10 դեկտեմբերի 2012 - 18:36 AMT
ՀՊՄՀ-ում հնարավոր է՝ ներդրվի կրթության կառավարում մասնագիտության ուսուցումը

Դեկտեմբերի 11-12-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարան կայցելեն Տեմպուսի` «Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի գործընկերները:

Ծրագրի մեկնարկային միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին և 12-ին` Հայկական պետական մանկավարժական համալսարանում: Եվրամիության, Հայաստանի և Վրաստանի գործընկերները համապատասխան մասնաճյուղերում կներկայացնեն ծրագրի մեջ ներգրավված իրենց հաստատությունները, ծրագրի հիմնական նպատակները, գործունեությունն ու մասնակի խնդիրները:

«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագրի շրջանակում արդեն մշակվել են համապատասխան որակավորումներ, ուսումնական վերջնարդյունքներ, դրանցով պայմանավորված գնահատման համակարգ, դասավանդման և ուսուցառման մեթոդաբանություն, ինպես նաև մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրեր:

Արևելյան հարևանության երկրներից ծրագրում ընդգրկված են Հայաստանն ու Վրաստանը: Մանկավարժական համալսարանը ծրագրի շրջանակում համագործակցում է եվրոպական 6 երկրներների` Գերմանիայի, (Կոբլենց Լանդաու համալսարան), Ֆրանսիայի, (Մանկավարժական դասընթացների միջազգային կենտրոն), Չեխիայի, (Մասառիկի համալսարան), Իտալիայի, (Եվրոպական նախաձեռնությունների ուսումնական կենտրոն), Մեծ Բրիտանիայի (Բաթ Սպա և Միդլսեքս) համալսարանների հետ:

Տեմպուսի`«Բարձրագույն կրթության կառավարում մագիստրոսական ծրագիր. առաջնորդների պատրաստում` կրթության փոխակերպման կառավարման համար» ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի հոկտեմբերի 15-ին. դրամաշնորհային ծրագիրը շահած Հայկական պետական մանկավարժական համալսարանը համակարգում է աշխատանքների ողջ ընթացքը, ինչն աննախադեպ է հայաստանյան բուհերի պատմության մեջ: Ծրագրի տևողությունը 36 ամիս է. ավարտը նախատեսված է 2015 թվականի հոկտեմբերի14-ին: Ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում Մանկավարժական համալսարանում կներդրվի կրթության կառավարում մասնագիտության ուսուցումը: