7 հունիսի 2005 - 08:13 AMT
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` Վ.ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ Է.ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՐԵՍ ԱՌ ԵՐԵՍ
Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կկայանա հունիսի 17-ին` Փարիզում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով` նախարարները կքննարկեն 2005 թվականի հունվարի 11-ին տեղի ունեցած Փարիզյան հանդիպման շրջանակներում նշված հարցեր: Ինչպես նշել է Ա.Ազիմովը, մինչեւ հանդիպումը նախարարներից ամեն մեկի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կանցկացնեն խորհրդատվություններ: Նա նշել է նաեւ, որ անհրաժեշտության դեպքում` Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը կարող են հանդիպել երես առ երես: Փարիզյան հանիպման ժամանակ, Հայաստանի ԱԳ նախարարի խոսքերով` կատարվեց «հարցերի համախմբում», Ադրբեջանը «համաձայնվել էր չբարձրացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ հարցը ՄԱԿ-ում եւ շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»: Ադրբեջանի ԱԳ փոխնախարար ԱրԱզիմովը տեղեկացրել է, որ բանակցություններն անցել են փուլային ծրագրի շուրջ` ադրբեջանական 7 «գրավյալ» շրջանների վերադարձի, ներտարածաշրջանային կապերի վերականգնման, «բռնագաղթված ադրբեջանցիների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի»: Նշենք, որ ՀՀ ԱԳՆ համաձայն` Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը Փարիզում կկայանա մայիսի 18-ին: