11 դեկտեմբերի 2012 - 16:59 AMT
«Ժառանգությունը» պատրաստ է աջակցել Արցախի անկախ պետականության կայացման գործընթացին

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին և ներքին խնդիրները: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ներկայացրել է ԼՂՀ հինախնդրի կարգավորման վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության մոտեցումները: Խմբակցության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորություններով աջակցել ԼՂՀ-ի անկախ պետականության կայացման գործընթացին, ինչպես նաև՝ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը:

«Ժառանգության» ներկայացուցիչները շնորհավորել են ԼՂՀ-ում սեփական պետական կարգավիճակը որոշելու համար անցկացված հանրաքվեի 21 և Սահմանադրության ընդունման 16 ամյակը: