12 դեկտեմբերի 2012 - 13:54 AMT
Մկրտիչ Մինասյան. 2013-ին Դալմայի այգիներին կից «Նոյլենդ» կենտրոնի կառուցման հստակ նախագիծ չկա

2013-ին Դալմայի այգիներին կից «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի կառուցման հստակ նախագիծ չկա: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: «Դալմայի այգիներին կից «Նոյլենդ» կենտրոնի կառուցման ծրագիրը քաղաքաշինական խորհրդում չի քննարկվում: Քաղաքապետարանին միշտ էլ տարբեր անհատներ կամ կազմակերպություններ առաջարկում են ծրագրեր, որոնց համար անհրաժեշտ են ներդրումներ: Այդպիսի ծրագրերից էր նաև Նոյան Տապանը, Խոր Վիրապի մոտ մի նախագիծ կար կառուցելու, բայց դրանք սովորաբար շատ հում են լինում, երբևէ մասնագիտական քննարկման չեն դրվում և իրատեսական չեն, որովհետև ոչ թե մի քանի, այլ մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ են պահանջում»,- նշեց նա` հավելելով, որ աշխարհի չորս կրոնների պաշտամունքային կառույցների վերջնական նախագծերն անգամ չկան:

Անդրադառնալով «Նոյլենդի» կառուցման դեպքում Դալմայի այգիների ճակատագրին` Մկրտիչ Մինասյանն ասաց, որ նախագծի համաձայն կառուցապատումը այգիների շատ փոքր տարածքն է զբաղեցնելու և չի վնասելու բնական միջավայրին:

Ճարտարապետը նշեց, որ Դալմայի այգիներին կից կա ևս մեկ ներդրումային ծրագրի առաջարկ` «Արտսիթի» արվեստի և զբոսաշրջության կենտրոնի: «Բայց դա նույնպես առայժմ միայն առաջարկ է, որը ոչ մի գործնական հիմքի վրա չի դրվել և քաղաքաշինական խորհրդում չի քննարկվել»,- ասաց նա: