12 դեկտեմբերի 2012 - 13:56 AMT
Մարվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշը

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Նամականիշը մարեցին տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և «Հայփոստ» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Նամականիշի վրա պատկերված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակի լոգոն, իսկ հավերժության նշան կազմող օղակի մեջ նշված են այն պետությունները, որտեղ գտնվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչությունները, և Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ հայելաձև արտահայտմամբ (հիմնադրամի լոգոն): Խորապատկերին ներկայացված է աշխարհի քարտեզը, որը խորհրդանշում է կապը ամբողջ աշխարհով սփռված հայության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև: Գունային երանգները արտահայտում են Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույները:

Այս տարի Հայփոստը սկսեց հայկական այբուբենի տառերը պատկերող նույնատիպ թողարկումների նոր շարք` նվիրված Հայ Գրատպության 500-ամյակին և առաջին անգամ շրջանառության մեջ դրեց նոր փոստային վճարման միջոց` նամականիշով ծրար: 2012թ-ի ընթացքում Հայփոստը նաև թողարկել է նամականիշեր` նվիրված Տ.Չուխաջյանի ծնդյան 175-ամյակին, Լ. Զաքարյանի ծննդյան 75-ամյակին, Պ. Պռոշյանի ծննդյան 175-ամյակին:

Մոտ օրերս կթողարկվեն նամականիշեր` նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին, Հայաստանը Շախմատի աշխարհի չեմպիոն և Օլիմպիական չեմպիոն դառնալու առթիվ, ինչպես նաև` նամականիշերով գիրք:

Թողարկման օրը`12. 12. 2012թ. Գույնը` բազմագույն:

Դիզայնը՝ Վահան Ստեփանյան Անվանագինը` 380 ՀՀ դրամ

Տպարանը` Cartor, Ֆրանսիա Նամականիշի չափսը` 40,0 x 30,0 մմ

Տպագրությունը` օֆսեթ Մեկ թերթի վրա` 10 (2x5)

Ատամնաշարը` սանրավոր, 13:131/2

Տպաքանակը՝ 40 000

Թուղթը` առանց ջրային նիշերի,110գ/մ2: