12 դեկտեմբերի 2012 - 14:31 AMT
Sotheby’s-ում 13.000 դոլարով հայկական Ավետարան է վաճառվել

Օրերս հանրահայտ Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է հայկական մագաղաթե ավետարան: Ինչպես հայտնում է աճուրդի տան պաշտոնական կայքը, գիրքը թվագրվում է 1656-1658 թթ-ով և, հավանաբար պատկանում է Ջուղայի մանրանկարչության դպրոցին:

Ավետարանը բաղկացած է 265 էջից, որոնցից չորսն ամբողջովին պատկերազարդ են: Նկարազարդված է գրքի տիտղոսաթերթը, և այլ թերթեր: Պատկերների մեծ մասն արված են կարմիր թանաքով և գրչի ծայրով, առկա են ավետարանչի, արմավենու, թռչունների պատկերներ, ծաղիկներ, առյուծի 2 գլուխներ և տաճար:

Ձեռագրի գինը տատանվել է 3-5000 անգլիական ֆունտի սահմաններում, վաճառվել է 8125 ֆունտով կամ 13.086 ԱՄՆ դոլարով: