12 դեկտեմբերի 2012 - 16:14 AMT
Հայաստանը հանձնառու է շարունակելու ՄԱԿ-ի հումանիտար համակարգին իր համեստ օժանդակությունը

Դեկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցեցին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Մարդասիրական օգնության հարցերով նրա տեղակալը, ինչպես նաև մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում նշեց, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ՄԱԿ-ի հումանիտար համակարգին իր համեստ օժանդակությունը, քանի որ, անցնելով 1988թ. աղետի արհավիրքի միջով, հստակորեն պատկերացնում է ճգնաժամային իրավիճակների մեջ հայտնված ազգաբնակչության տառապանքներն ու կարիքները: Դեսպան Նազարյանը հավաստիացրեց, որ նախորդ տարիների օրինակով, 2013թ.-ին ևս Հայաստանի կառավարությունը կաջակցի հիմնադրամին, ինչպես նաև դրվատանքի խոսքեր հղեց ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար, ԳՔ տեղակալին` արտակարգ իրավիճակներում արագ և կանխարգելիչ արձագանքման խթանմանը և կորուստների նվազեցմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական միջոցներն արդյունավետորեն կառավարելու համար:

Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը ՄԱԿ-ի կողմից 2005թ. հիմնադրված մարդասիրական ֆոնդ է, որը ժամանակին և համապատասխան մարդասիրական օգնություն է տրամադրում տարերային աղետներից և զինված հակամարտություններից տուժածներին: Այն հիմնադրվել է` նոր մակարդակի բարձրացնելու մինչ այդ գոյություն ունեցող Արտակարգ իրավիճակների կենտրոնական շրջանառու ֆոնդը (Central Emergency Revolving Fund) դրամաշնորհային տարր ներառելու միջոցով: Դրամաշնորհը գոյանում է կառավարությունների և մասնավոր հատվածի` կորպորացիաների, անհատների ու հասարակական կազմակերպությունների կամավոր նվիրատվությունների արդյունքում: Հիմնադրամը նպատակ է հետապնդում թերի ֆինանսավորում ունեցող ճգնաժամերի հաղթահարման ծրագրերում ամրապնդել հումանիտար օգնության արագ արձագանքման առանցքային տարրերը: Դեռևս 2010թ.փետրվարին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ կառավարության համապատասխան որոշումով պետբյուջեից հատկացված 100 հազար ԱՄՆ դոլարը ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի միջոցով ուղղվել էր տուժածների ժամանակավոր կացարանների, ոչ պարենային իրերի, սննդի և առողջապահական կարիքների ապահովմանը: