12 դեկտեմբերի 2012 - 17:52 AMT
Լիլիթ Պողոսյանը կարող է պայքարել պատանեկան ՕԽ բադմինթոնի վարկանիշի համար

Հաշվետվություններով հանդես են եկել Հայաստանի բասկետբոլի և բադմինթոնի ֆեդերացիաները: Ըստ բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վահագն Հարությունյանի, այս տարի իրականացվել են ընդհանուր թվով 25 տարբեր միջոցառումներ:

Արդեն գործում է Լուռու մարզի բասկետբոլի ֆեդերացիան, նախատեսվում է հաջորդ տարի ունենալ նաև Շիրակի մարզի ֆեդերացիա: «Բոլոր մարզերում էլ լավ թիմեր կան, մեր նպատակն է ակտիվացնել աշխատանքները Հայաստանի ողջ տարածքում, և հատկապես պատանիների շրջանում»,- նշել է նա:

Նախատեսվում է, որ 2015 թվականին Հայաստանը կունենա մեծահասակների հավաքական: Բադմինթոնի ֆեդերացիայից 2012-ին կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել Հրաչ Պողոսյանը: Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ բադմինթոնի մարզական խմբեր են գործում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում, Կապանում, Ստեփանակերտում և բոլորն էլ ապահովված են անհրաժեշտ մարզագույքով: Ֆեդերացիայում մեծ հույսեր են կապում Լիլիթ Պողոսյանի հետ, ով կարող է պայքարել պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար:

Բադմինթոնի ֆեդերացիայի պետական ֆինանսական աջակցությունը 2013 թվականի համար ավելացվել է`հասնելով մինչև 4մլն դրամի: