8 հունիսի 2005 - 13:19 AMT
ՈՒՐՈՒԳՎԱՅԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՉ ԱՆԵԼ ԵՄ-ԻՆ ՊԱՀԱՆՋԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ուրուգվայի խորհրդարանում նախաձեռնվել է ստորագրահավաք, որի նպատակն է դիմել ԵՄ-ին խնդրանքով` պահանջել Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը «որպես մարդու իրավունքների ծանրագույն ոտնահարում»: Ստորագրահավաքը կկրի համաամերիկյան բնույթ, քանի որ այն նախատեսվում է անցկացնել նաեւ Բրազիլիայում, Արգենտինայում եւ Պարագվայում: Ակցիայի նախաձեռնողն է Ուրուգվայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լիլիան Քեջիջյանը: Ձեռնարիին կաջակցեն Լատինական Ամերիկայում գործող բոլոր հայկական կառույցները: Այդ նախաձեռնության առիթով արդեն իր դիրքորոշումն է ներկայացրել Թուրքիան: Այդ երկրի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ուրուգվայի ԱԳՆ, որտեղ նշվում է, որ «Ուրուգվայի իշխանությունները աջակցում են հայերի չհիմնավորված պնդումներին»: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` ապրիլի 24-ին Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը հանդես է եկել հայկական համայնքին հղված ուղերձով, իսկ Մոնտեվիդեոյում վերջերս բացվել է «Հայոց ցեղասպանություն» հուշարձանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: