9 հունիսի 2005 - 11:14 AMT
ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԸ ԲԱՔՎՈՒՄ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ԴԱԺԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ
Երեկ «Քաղաքակրթություն» ոչ կառավարական կազմակերպությունը «Լինկս» բրիտանական կազմակերպության հետ մեկտեղ Միջազգային մամուլի կենտրոնում անցկացրել է «Ադրբեջանի աշխարհառազմավարական նշանակությունը» թեմայով սեմինար, տեղեկացնում է Բաքվի «525» թերթը: Սեմինարին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Միջոցառման ժամանակ Ղարաբաղի ազատագրման կազմակերպության փոխնախագահ Ֆիրդուն Մամեդովի գլխավորությամբ մի խումբ բողոքողներ մտել են դահլիճ եւ գոչել ռուս դիվանագետի հասցեին. «Կամ հայտարարի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, կամ էլ հեռացիր այս հողից»: Կազմակերպիչների եւ քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի միջամտություից հետո ՂԱԿ-ի անդամները մի քիչ հանգստացել են, սակայն «Վլադիմիր Կազիմիրովի, ըստ սովորության, Ադրբեջանին դաս տալու փորձը» կրկին նրանց հանել է հավասարակշռությունից: Այս անգամ ՂԱԿ-ի ակտիվիստների պահանջն ավելի կտրուկ է եղել. «Կազիմիրով, հեռացիր Ադրբեջանից»: Իր ելույթը Կազիմիրովը նվիրել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նրա խոսքերով ստացվում էր, որ ճիշտ չեն եւ հայերը, եւ ադրբեջանցիները. երկու ժողովուրդներն էլ զբաղված են չպետքական գործով, ինքնախաբեությամբ: Նա խորհուրդ է տվել ամրապնդել զինադադարի ռեժիմը եւ զբաղվել հաշտությամբ: Կազիմիրովի ելույթը սուր արձագանք է գտել ներկաների մոտ, որոնք մեղադրել են նրան «հայամետ դիրքորոշման եւ հայերի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի փաստը չճանաչելու համար»: Ավելի կտրուկ էր նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի պատասխանը Կազիմիրովին. «Բոլորը, ովքեր այն ժամանակ ձեզ հետ համանախագահներ էին, մոռացել են այդ հարցը եւ զբաղված են իրենց գործերով: Սակայն դուք, նորից, գուցե Հայաստանի նկատմամբ մեծ սիրուց, կամ էլ ինչ որ այլ պատճառով, չեք թողնում այդ հարցը: Ես ամեն անգամ զգացել եմ, որ դուք ավելի մոտ եք հայերին եւ բարոյապես, եւ քաղաքականապես, եւ շահերի առումով»: Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն հիշեցրել է ռուս դիվանագետին պաշտոնական Մոսկվայի` Ադրբեջանում ռազմակայաններ տեղաբաշխելու մասին ցանկությունը, եւ ասել է, որ Ադրբեջանում կլինի ամերիկյան ձեւով խաղաղություն. «Որովհետու Ռուսաստանը կորցրել է այդ տարածաշրջան խաղաղություն բերելու շանսը: Ռուսաստանը պետություն չէ, այլ կայսրություն, եւ այդ կայսրությունը չի կարող գործել այլ կերպ: Ռուսական կայսրությունն ուղղակի ցանկանում էր վերահսկողության տակ առնել Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը` ողջ կյանքում շարունակվող հակամարտությունների միջոցով»: Այդ մեղադրանքների ճնշման տակ Կազիմիրովը փորձել է մի քիչ մեղմել իր արտահայտությունները` նշելով հակամարտության շուրջ բանակցությունները շարունակելու կարեւորությունը: Պատգամավոր Ասիմ Մոլլազադեն նույնպես մեղադրել է հյուրին այն հարցում, որ նա ապրում է անցյալի տրամադրություններով: Վրաստանի Հասարակական գիտությունների կենտրոնի ներկայացուցիչ Գեորգի Գալաշվիլին ասել է, որ Վրաստանը Ադրբեջանի հետ տարածաշրջանային նախագծեր իրականացնող եւ դեպի Եվրոպա շարժվող երկիր է, եւ որ երկու երկրներն էլ կայունության եւ Ռուսաստանի ազդեցության թուլացման պահանջ ունեն` իրենց մտքերի իրականացման համար. «Կասպիայի էներգապաշարների արեւմուտք փոխադրման ծավալների մեծացմանը զուգահեռ այդ գործոնը կուժգնանա: Այդ տեսակետից շատ կարեւոր է Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի դաշինքը»: