10 հունիսի 2005 - 08:43 AMT
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ
Վաշինգտոն կատարած երկօրյա աշխատանքային այցի առաջին օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ստիվըն Հեդլինի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: Ս.Հեդլին առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական, ինչպես նաեւ ընտրական եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ: Վարդան Օսկանյանը հանդիպումներ ունեցավ նաեւ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցության խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի բանակցություններում տեղ գտած վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ հարցեր, որոնք կարող են ընդգրկվել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներում: Վարդան Օսկանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության համար: Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ Ամերիկայի Ազգային Կոմիտեի - Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր: