10 հունիսի 2005 - 09:23 AMT
ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Հունիսի 10 եւ 11-ին Վենետիկում տեղի կունենա ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Եվրոպայի Խորհրդի իրավունքի միջոցով ժողովրդավարության համար հանձնաժողով ) 63-րդ պլենար նիստը, որն այս տարի նշում է իր 15-ամյակը: Օրակարգում են` Իտալիայում զանգվածային լրատվության միջոցների ազատության, Հայաստանում սահմանադրական բարեփոխումների եւ Ադրբեջանում ընտրական օրենսդրության վերաբերյալ հարցերը: Տեղի կունենան կարծիքների փոխանակում Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի Հայաստանի սահմանադրական բարեփոխումների գծով աշխատանքային խումբը դժգոհություն է հայտնել այն դրույթներով, որոնք ընդունվել են Սահմանադրության ուղղումների առաջին ընթերցման ժամանակ, քանի որ հանձնաժողովի նկատառումների մեծ մասը չէր ընդունվել: Մասնավորապես, չէր ընդունվել հանձնաժողովի դիտողությունը խորհրդարանի դերի ամրապնդման եւ նախագահի իրավասությունների կրճատման վերաբերյալ: Բացի այդ, հաշվի չեն առնվել անկախ դատական իշխանության կայացմանն ու Երեւանի քաղաքապետի ընտրովի պաշտոնի ձեւավորմանն ուղղված հանձնաժողովի նկատառումները: Հիշեցնենք նաեւ, որ ԵԽԽՎ բյուրոն հունիսի 6-ին որոշել է արտահերթ լսումներ անցկացնել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հունիսի 20-24 կայանալիք ԵԽԽՎ հաջորդ պլենար նստաշրջանի ընթացքում: Հունիսյան նստաշրջանի վերջնական օրակարգը կհաստատվի Վեհաժողովի կողմից նստաշրջանի առաջին նիստի ժամանակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: