11 հունիսի 2005 - 08:19 AMT
ԿԱՎԵԼԱՆԱ ՆԻԴԵՌԼԱՆԴՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հայաստանի եւ Նիդեռլանդների միջեւ ստորագրվել է համաձայնագիր ներդրումների խրախուսման եւ փոխադարձ անվտանգության մասին: Այդ մասին նախօրեին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Նիդեռլանդների փոխվարչապետ, ֆինանսների նախարար Հերիտ Զալմը: Հերիտ Զալմը նշել է, որ Հայաստանի տնտեսության զարգացումը ակնհայտ է: Նրա խոսքերով, 1995 թվականին Հայաստան կատարած իր առաջին այցից հետո շատ բան է փոխվել: Ինչպես նշել է Զալմը, Հայաստանը եւ Նիդեռլանդները ընդհանուր շահեր ունեն ԱՄՀ եւ ՀԲ հետ համագործակցության շրջանակներում եւ այդ ընթացքում հաստատվել են սերտ փոխհարաբերություններ: Նրա խոսքերով, այդ համաձայնագիրը կնպաստի ներդրումների աճին Հայաստանի տնտեսության մեջ: Այդ փաստաթղթով նախատեսվում է ներդրողների ներդրումների պաշտպանություն: Փաստաթղթով սահմանվում է նաեւ յուրաքանչյուր կողմի պարտավորությունը ապահովելու մյուս կողմի համար արդար եւ հավասար ներդրումային ռեժիմ: Սահմանվել է նաեւ ներդրողի եւ ներդրումների իրականացման հարցում մյուս կողմի վեճերի լուծման կարգը: