14 դեկտեմբերի 2012 - 14:24 AMT
Գարիկ Քեռյան. Ընտրողների իրավունքները ոտնահարվում են՝ ի՞նչ է նշանակում` մնաց մեկ օր, հինգ օր, շուտով կհայտարարենք

Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում գրեթե չկան լուրջ գաղափարական քաղաքական կուսակցություններ, որոնք հանրության առջև հանդես են գալիս իրենց քաղաքական կուրսով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը: «Դրա փոխարեն քաղաքական դաշտում առկա են խիստ խարիզմատիկ քաղաքական կուսակցություններ, որոնց ամբոջ վարկանիշն ու գործունեությունը, նույնիսկ տնտեսական ու վարչական ռեսուրսը պայմանավորված է անհատ անձերի քաղաքական գործունեությամբ: Հայաստանում հիմնականում առկա են մեկ անձի, նրա խարիզմայի շուրջ ձևավորված կուսակցություններ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ զարմանալի է, որ Հայաստանում մինչև վերջին ամիսը սպասում են, թե ով է առաջադրվելու: «Արևմուտքում թեկնածուները տարի ու կես աշխատում են հանրության հետ իրենց նպատակին հասնելու համար: Հայաստանում մեր ընտրողների իրավունքները սրանով ոտնահարվում են: Ի՞նչ է նշանակում` մնաց մեկ օր, հինգ օր, շուտով կհայտարարենք, հաջորդ դասին և այլ նմանատիպ հայտարարությունները: Նման պարագայում ես որպես անհատ իմ իրավունքները համարում են ոտնահարված»,- ասաց պրոֆեսորը: Նա նաև նկատեց, որ քարոզարշավին մեկ ամիս է մնացել, բայց դեռ թեկնածուներ չկան և հասարակության համար կողմորոշվելու բավարար ժամանակ պարզապես չի մնում: