13 հունիսի 2005 - 08:39 AMT
ԲԱՔՎՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԲԵՐՎԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՑ
«Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլը` Վրաստանից դուրս բերված ռազմական տեխնիկայի տեղակայումը Հայաստանի տարածքում, անհամատեղելի է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության հետ»: Այդ մասին հայտարարել է ադրբեջանական «Յուրդդաշ» կուսակցության նախագահ, պատգամավոր Մաիս Սաֆարլին Ադրբեջանի Միլի մեջլիսի հունիսի 10-ի պլենար նիստում: Նրա խոսքերով, «թեեւ Ռուսաստանը հայտարարում է, թե այդ քայլը ուղղված չէ Ադրբեջանի դեմ, դա արմատապես սխալ է եւ ուղղված է ԱՀ դեմ»: «Այն առնչությամբ, թե Ռուսաստանի այդ քայլը ազդում է Ադրբեջանի ազգային շահերի վրա, պաշտոնական Բաքուն պետք է ձեռնարկի մի շարք քաղաքական եւ իրավաբանական քայլեր: Քանի որ Ռուսաստանը իր այդ քայլով կոպտորեն խախատում է «Եվրոպայում սովորական սպառազինության սահմանափակման մասին» կոնվենցիան, այդ երկրի պատասխանատվության հարցը պետք է բարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում: Այդպես, հենց ռուսական զենքի շնորհիվ առաջացած հակամարտության օջախների արդյունքում խախտված են միլիոնավոր մարդկանց իրավունքները եւ նրանք ապրում են ծանր պայմաններում որպես փախստականներ եւ ստիպողաբար վերաբնակեցվածներ»,-նշել է նա: «Գտնում եմ, որ ԵԽ, որն իր գերակայությունը համարում է մարդու իրավունքների հարցը, պետք է լրջորեն վերաբերվի այդ հարցին եւ քաղաքական ու իրավական գնահատական տա Ռուսաստանի այդ քայլին»,-ասել է Մ.Սաֆարլին: Այնուհետեւ նա կարեւորել է խորհրդարանում Ադրբեջանի եւ ՌԴ միջեւ ստորագրած` Գաբալայի ՌԼԿ-ն Ռուսաստանին վարձակալման հանձնելու մասին համաձայնագրի կրկնական քննարկումը: