14 դեկտեմբերի 2012 - 18:36 AMT
Ամանորյա տոներին ընդառաջ Երանի կոնյակի գործարանում կանցկացվեն Բաց դռների օրեր

Ամանորյա տոներին ընդառաջ Երանի կոնյակի գործարանում կանցկացվի «Բաց դռների օրեր» միջոցառւոմը, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին և 16-ին: Միջոցառման շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան շրջայց կատարել գործարանի հնացման արտադրամասում, ծանոթանալ Արարատ հայկական կոնյակների արտադրական պրոցեսին, կոնյակի պատրաստման կարևոր մաս հանդիսացող` տակառագործության նրբություններին, ինչպես նաև տեսնել Երևանի կոնյակի գործարանի հնագույն կոնյակների հավաքածուից որոշակի նմուշներ, ասվում է ԵԿԳ հաղորդագրության մեջ:

Կայանալիք միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև ԱՐԱՐԱՏ կոնյակների պատմությանն առնչվող արխիվային բացառիկ նյութերի անդրանիկ ցուցահանդեսը:

Հարկ է նաև նշել, որ միջոցառման շրջանակներում Երևանի կոնյակի գործարանում կցուցադրվի Հայկական կոնյակի 1894թ. եզակի նմուշը, որը հատուկ այս միջոցառման համար տրամադրվել է Երևանի պատմության թանգարանի կողմից:

Այդ օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00 կգործեն ավտոբուսներ, որոնք անվճար կտեղափոխեն Երևանի կոնյակի գործարան Հանրապետության Հրապարակի շատրվանների մոտակայքից: Մուտքն ազատ է: