14 դեկտեմբերի 2012 - 18:45 AMT
Շարմազանով. Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Թուրքիան անելիք չունի

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը, երեկ ելույթ ունենալով Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված համաժողովում, անդրադարձել է նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին: Նա մասնավորապես ասել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման պայմաններից մեկն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն է:

Թուրք պաշտոնյայի հայտարարության վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Անթույլատրելի է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել ղարաբաղյան հակամարտության լուծմամբ»,- հայտարարել է նա: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Թուրքիան այստեղ որևէ անելիք չունի: Անդրադառնալով Չիչեքի այն դիտարկումներին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Կովկասի կայունությանը և խաղաղությանը սպառնացող ամենալուրջ հարցն է, և Թուրքիան սպասում է, որ հայկական քաղաքականությունն ազատվի սփյուռքի խնամակալությունից, ԱԺ փոխնախագահը հակադարձել է, թե տարածաշրջանային անվտանգության սպառնալիքի միակ պատճառը Թուրքիայի հովանավոր Ադրբեջանն է, որը քարոզում է հակահումանիստական արժեքներ:

«Ի գիտություն Չիչեքի և ողջ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի՝ Հայաստանն ու սփյուռքը մեկ ընտանիք և միասնություն են»,- ասել է Շարմազանովը: Նա ավելացրել է, որ անհեթեթ հայտարարություններով հանդես գալու փոխարեն արդարացի կլինի գիտակցել, որ Հայաստանն ու սփյուռքն անելու են ամեն ինչ Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ: