14 դեկտեմբերի 2012 - 18:48 AMT
ՄԻՊ. Հարկային ոլորտի 16 օրենքի նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները պիտի երկարաձգվեն

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին և անկախ պատգամավորներին ներկայացրել է հարկային ոլորտի 16 օրենքների նախագծերի վերաբերյալ իր առաջարկությունների փաթեթը։ Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են պաշտպանի անձնակազմից:

Առաջարկությունների փաթեթը ներառում է օրենքի նախագծերի բարեփոխման մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ օրենքի նախագծում հստակեցնել, որ հարկային մարմինը գույքի վրա կարող է արգելանք դնել միայն դատարանի որոշմամբ, իսկ անհետաձգելի դեպքերում կարող է կիրառել արգելանք, սակայն 24 ժամվա ընթացքում պարտավոր է իր կողմից կայացրած որոշումը ներկայացնել դատարան:

Շատ կարևոր է նաև երկարաձգել օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները` 2013թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով պաշտոնական հրապարակումից հետո 30-օրյա ժամկետ, քանի որ հարկատուների համար նոր պարտավորություններ սահմանելիս հարկավոր է նախատեսել դրանք արդյունավետ իրականացնելու ողջամիտ ժամկետներ:

Պաշտպանն առաջարկություններում անհրաժեշտ է համարում նաև օրենքի նախագծում նախատեսել, որ հարկային մարմնի աշխատակիցները ստուգման նպատակով կարող են վերցնել իրեր կամ անհրաժեշտ այլ նյութեր միայն այն դեպքերում, երբ ստուգման ընթացքում առաջանում է հիմնավոր կասկած, որ անձը թույլ է տվել խախտում, և այդ իրը կարող է էական նշանակություն ունենալ ստուգումների իրականացման համար:

Ակնկալում ենք, որ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորները հետամուտ կլինեն Պաշտպանի կողմից ներկայացված առաջարկություններին: