14 դեկտեմբերի 2012 - 19:12 AMT
Ստեպան Սուխորենկո.Միջազգային հարթակներում Հայաստանի և Բելառուսի դիրքորոշումները համընկնում են

Այս տարին բավական հաջող էր հայ-բելառուսական հարաբերությունների հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն: «Տարին ի զուր չապրեցինք: Մեզ ոչ միայն հաջողվեց պահել հարաբերությունները բարձր մակարդակի վրա, այլև զարգացնել դրանք»,- ասաց դեսպանը: Նա նկատեց, որ առաջընթաց կա մի շարք ոլորտներում: Բելառուսի դեսպանն առանձնացրեց միջխորհրդարանական և տնտեսական համագործակցությունը: «Միջխորհրդարանական հարաբերությունները կրում են եղբայրական բնույթ: Միջազգային հարթակներում մեր դիրքորոշումները համընկնում են»,- նկատեց նա: Ըստ դեսպանի մի փոքր «կաղում են» տնտեսական հարաբերությունները, սակայն պատճառները օբյեկտիվ են, օրինակ Հայաստանի՝ շրջափակման մեջ լինելը: Դեսպանն առանձնացրեց նաև մարզերի միջև համագործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը կրթության և մշակույթի ոլորտներում: Ստեպան Սուխորենկոն նկատեց, որ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը շատ են: Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը եկող տարի կխորանա: