14 դեկտեմբերի 2012 - 19:45 AMT
Հիմնանորոգվում են սեյսմավտանգ դպրոցները` առանց սեյսմակայունության ուժեղացման

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի Մեծ Մանթաշի միջնակարգ դպրոցի և Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի վարչական շենքերի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարների օգտագործման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի քննությամբ ի հայտ եկած հիմնախնդիրները: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի նախագծանախահաշվային փաստաթղթերում չեն նախատեսվել սեյսմազինվածության բարձրացման կամ ուժեղացման միջոցառումները: Մինչդեռ նախագծման փուլում կառույցի վնասվածության աստիճանը գնահատվել է 2-րդ աստիճանի, իսկ 2012թ. սեյսմիկ պաշտպանության ծառայությունը շենքի վնասվածության աստիճանը գնահատել է արդեն 3-րդ աստիճանի՝ անբավարար՝ առաջարկելով շահագործումն իրականացնել կառույցի ուժեղացումից եւ վերակառուցողական աշխատանքներից հետո: Հետևապես շենքի հիմնանորոգման համար ծախսված գումարները դառնում են ոչ նպատակային, քանզի այն վթարային է: Ինչ վերաբերում է Մեծ Մանթաշի դպրոցին, ապա այս դպրոցի շենքը նույնպես ունի սեյսմակայունությունը բարձրացնելու անհրաժեշտություն, բայց ի տարբերություն վերը նշված երկու դեպքերի, այդ առաջադրանքը տվալ դեպքում ներառված է եղել նախագծանախահաշվային փաստաթղթերում, ինչը, սակայն, պատշաճ չի կատարել կապալառու կազմակերպությունը: Արդյունքում՝ եթե նախկինում շենքի վնասվածության աստիճանը գիահատվել է 2-րդ աստիճանի, ապա 2012 թվականին արդեն 3-րդ աստիճանի՝ անբավարար, եւ պիտանի չէ շահագործման համար:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությանը ապահովել քրեական գործերով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը եւ համարժեք իրավական գնահատական տալ ոչ միայն կապալառու կազմակերպությունների պատասխանատու անձանց գործողություններին՝ ստանձնած պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ իրականացնելու եւ հավելագրումներով կատարողական ակտեր ներկայացնելու համար, այլ նաև բոլոր այն պաշտոնատար անձանց գործողություններին, որոնց հետևանքով նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են թերի, ինչի արդյունքում էլ պետության հատկացրած գումարներն օգտագործվել են ոչ նպատակային: Միաժամանակ հանձնարարվել է դատախազական հսկողություն իրականացնող դատախազներին՝ խորհրդակցության արդյունքներով մշակել նախաքննության աշխատանքային վարկածներ և հետամուտ լինել, որպեսզի քննության շրջանակներում նշանակվեն անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները՝ պարզաբանման ենթակա հարցերի պատասխանները ստանալու համար, ապահովել քրեական գործի նախաքննության օրինականությունը: