14 դեկտեմբերի 2012 - 19:47 AMT
Աղվան Հովսեփյան. Պետբյուջեի փողերը փոշիացվում են

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ազգային գրադարանի, վարչական շենքերի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարների օգտագործման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի քննությամբ ի հայտ եկած հիմնախնդիրները: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

«Քրեական գործերի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք լուրջ մտորելու տեղիք են տալիս, քանզի վերաբերում են ոչ միայն նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարության ընթացքում թույլ տրված հավելագրումներին, որակին, այլև ի սկզբանե նախագծանախահաշվային փաստաթղթերի ճիշտ կազմմանը, այսինքն՝ կապալառու կազմակերպություններին ճիշտ առաջադրանք տալուն»,- հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը՝ արձանագրելով, որ, ըստ քննության տվյալների, պետական բյուջեից հատկացված գումարները որոշ դեպքերում ոչ նպատակային են օգտագործվում, այլ խոսքով փոշիացվում են՝ սխալ, ոչ լիարժեք առաջադրանքի հետևանքով:

Անդրադառնալով ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքներում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին՝ քննիչը տեղեկացրել է, որ կատարողական ակտերի կազմման ճշտության ստուգմամբ պարզվել է, որ 2008-2011թթ. կապալառու կազմակերպության կողմից կազմվել են 691.953.490 դրամի կատարողական ակտեր, ընդունման-հանձնման արձանագրություններով ֆինանսների նախարարությունը վճարել է 668.579.600 դրամ, իսկ 23.373.890 դրամը չի վճարել՝ կապալառուի կողմից ներկայացված աշխատանքները կատարված չլինելու պատճառաբանությամբ: Ընդհանուր առմամբ հավելագրումների միջոցով, քննության տվյալներով, պետությանը պատճառված վնասը ներկայումս կազմում է 36.880.200 դրամ: Քննարկման փուլում է կաղնու փայտից պատուհանների տեղադրման, գրադարանի պատերը սոսնձաներկից մաքրելու, ինչպես նաև՝ գրադարանի մուտքից դեպի Տերյան փողոց տանող հատվածի շինարարական աշխատանքների համար նախատեսված շուրջ 40 մլն դրամի արդյունավետ օգտագործման հարցը:

Սակայն ամենակարևոր խնդիրը շենքի սեյսմակայունության հարցն է: «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության եզրակացության համաձայն՝ գրադարանի շենքը 3-րդ աստիճանի վթարային կառույց է և անհրաժեշտ է իրականացնել սեյսմազինվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Բայցի այդ, առկա է հակահրդեհային համակարգի ներդրման կարիք: Իսկ նշված աշխատանքներն իրականացնելու դեպքում հիմնանորոգման համար ծախսված հարյուրավոր միլիոնները դառնում են անիմաստ:

ՀՀ գլխավոր դատախազը վարույթն իրականացնող մարմնի առաջ խնդիր է դրել պարզել նախ՝ կապալառու կազմակերպությունը որքանով է արդյունավետ իրականացրել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և հետո՝ ինչու պետության անունից պատվերը ձևակերպած համապատասխան պաշտոնատար անձինք առաջադրանքը ճիշտ չեն կազմել: «Եթե շենքը սեյսմակայուն չէ, ապա ինչու է քաղաքաշինության նախարարությունը հիմնանորոգման խնդիր դրել՝ առանց սեյսմազինվածությունը բարձրացնելու առաջադրանքի: Նման պայմաններում, ակնհայտ է, որ եթե անգամ կապալառու կազմակերպությունը պատշաճ իրականացնի ստանձնած պարտավորությունը եւ փոխհատուցի պետությանը պատճառված վնասը, որը, ըստ ստուգման արդյունքների կազմում է մի քանի տասնյակ միլիոն դրամ, ապա միեւնույն է գրադարանի հիմնանորոգման համար պետական բյուջեից հատկացված հարյուրավոր միլիոնի դրամի ֆինանսավորումը դառնում է ոչ նպատակային, քանզի սեյսմազինվածությունը բարձրացնելուն ուղղված աշխատանքները կատարելուց հետո նախկինում կատարված հիմնանորոգումը կարժեզրկվի եւ կրկին վերանորոգում իրականացնելու անհրաժեշտություն կառաջանա»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը՝ ավելացնելով. «ակնհայտ է, որ կապալառու կազմակերպությունից չենք կարող պահանջել մի աշխատանք, որպիսի առաջադրանք չի տրվել, եւ վարույթն իրականացնող մարմինը պետք է պարզի, թե ինչու նման առաջադրանք չի տրվել: Կամ գործ ունենք չարամիտ դիտավորության հետ կամ էլ, մեղմ ասած, պաշտոնեական անփութության, անբարեխիղճ վերաբերմունքի, որի հետեւանքով պետությանը պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնաս»: