14 դեկտեմբերի 2012 - 20:00 AMT
Երևանում կանցկացվի Իտալական ժամանակակից կինոյի 3-րդ փառատոնը

Դեկտեմբերի 18-ից 23-ը Պետական Համազգային թատրոնում տեղի կունենա Իտալական ժամանակակից ֆիլմերի 3-րդ փառատոնը: Այս մասի PanARMENIAN.Net_ին տեղեկացնում են թատրոնից:

Փառատոնն արդեն երրորդ տարին է, որ կազմակերպվում է Հայաստանում Իտալիայի դեսպանության և Պետական համազգային թատրոնի համագործակցությամբ: Նախաձեռնությունը ուղղված է հայ հասարակության լայն շրջանակներին և կինոյի սիրահարներին: Փառատոնին կներկայացվի իտալական ժամանակակից արտադրության կարևորագույն ֆիլմերի ընտրանին իտալերեն լեզվով եւ անգլերեն ենթագրերով:

Հաշվի առնելով, որ իտալական ֆիլմերն արժեքավոր ներդրում են ունեցել միջազգային կինոարվեստի զարգացման գործում, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը և Պետական Համազգային թատրոնը փառատոնի համար մշակել են ֆիլմերի ծրագիր, որը նպատակ ունի ուժեղացնել մարդկանց նվիրվածությունը Իտալիայի մշակութային ժառանգության պահպանմանն ու գիտելիքներին: Սա է իրականում փառատոնի նպատակը. մարդկանց ուշադրությունը սևեռել ժամանակակից Իտալիայի ավանդույթների և ապրելաձրի բնորոշ բաղադրիչներին ու արժեքներին: