14 դեկտեմբերի 2012 - 20:40 AMT
Հայաստանում 2013-ից բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման արտադրություն կգործի

2013-ից Հայաստանում բելառուսական գյուղատնտեսական տեխնիկայի հավաքման արտադրություն կգործի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն: «Կան համապատասխան մասնագետներ, և հաջորդ տարվանից մենք կսկսենք Հայաստանում գյուղատնտեսության տեխնիկայի հավաքման արտադրությունը»,- ասաց նա: Ըստ Ստեպան Սուխորենկոյի՝ Հայաստանում հավաքվող տեխնիկան կիրացվի լիզինգո: Այն ավելի հասանելի կդարձնի տեխնիկան և գյուղացիներին հնարավորություն կընձեռի տեխնիկա ձեռք բերել երկարատև օգտագործման համար: «Հայ-բելառուսական համագործակցության հեռանկարային ուղղություններից մեկը գյուղատնտեսական և այլ տեխնիկայի լիզինգի սխեմաների կիրառումն է, որի շրջանակներում արդեն բացվել է բելառուսական «Պրոմագրոլիզինգ» ներկայացուցչությունը»,- ասաց Բելառուսի դեսպանը: Նա նաև հայտնեց, որ գնորդների՝ փոքր ֆինանսական հնարավորությունների պայմաններում շատ շահավետ է տեխնիկայի իրացումը լիզինգով: Լիզինգը ենթադրում է տեխնիկայի ձեռքբերումը ցածր տոկոսադրույքով և 7 տարի ժամկետով: