13 հունիսի 2005 - 10:25 AMT
ԹՈՒՐՔ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ ՄԻ ՔԱՅԼ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար ոչ թե երկրների միջեւ սահմանները պետք է բացել կամ փակել, այլ մտածողության մեջ փոփոխություններ կատարել: Այդ մասին հայտարարել է Հայաստանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի անդամ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Թուրհան Չյոմեզըը հաղորդում է «Երկիր» թերթը: Նրա խոսքերով, մի քարի տարի հետո հայ-թուրքական հարաբերություններն ավելի լավ մակարդակի վրա են լինելու: Մեկնաբանելով Թուրքիայի դիրքորոշումը, որը պայմանավորում է հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանական հակամարտությամբ` նա նշել է. «Ես գտնում եմ, որ թուրք-հայկական հարաբերությունները երրորդ երկրով պայմանավորելը սխալ է»: Նրա խոսքերով` այս հարցերը պետք է զրուցելով, խոսելով, քննարկելով լուծել: Այս եղանակով դրանք ժամանակի ընթացքում ճիշտ ճանապարհով կլուծվեն: Պատասխանելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցին` նա կրկնեց պաշտոնական Անկարայի դիրքորոշումը, որ «1915 թվականի դեպքերը շատ տխուր, ցավալի դեպքեր են, եւ այդ ժամանակաշրջանում թուրք բնակչությունից եւս զոհեր են եղել»: Մինչդեռ նա նշել է, որ չէր ակնկալում նման ջերմ ընդունելություն Հայաստանի մայրաքաղաքում, ավելին, կարծում էր, որ այն սառը կլինի: «Երեւանում ջերմ ընդունելություն գտա, որպես քաղաք` այն շատ հավանեցի»,-նշել է նա: Նրա խոսքերով, թուրքական պատվիրակության այցելության նպատակն է ուղիներ գտնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Պատգամավորի խոսքերով` իր այցելությունը պաշտոնական բնույթ չի կրում, սակայն կարեւորը, ըստ նրա, ոչ թե այցելության արտաքին կողմն է, այլեւ ներքին արդյունքները: Ինչպես նշել է Չյոմեզը, Հայաստան գալով, ինքն արդեն մեկ քայլ է կատարել հայ-թուրքական հարաբերությունների ստեղծման, Հայաստան-Թուրքիա սահմանի բացման համար: Հայ լրագրողներին, պատգամավորներին, քաղաքական գործիչներին, գործարարներին էլ սպասում են Թուրքիայում,-ավելացրել է նա: