15 դեկտեմբերի 2012 - 09:39 AMT
«Հրապարակ». Շատինի գյուղապետի և հարկայինի աշխատակիցների միջև կռիվ է տեղի ունեցել

«Հրապարակ» թերթը գրում է, որ Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի գյուղապետ Մամիկոն Սմբատյանի ու հարկայինի աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Երեկ օրաթերթը տեղեկություններ է ստացել, որ գյուղապետն ու տեղի հարկային ծառայության աշխատակիցները վիճաբանել են, ինչը վերածվել է ձեռնամարտի: Այս դեպքը դարձել է ողջ գյուղի խոսակցության գլխավոր թեման: Թե ինչից է ծագել վեճը համայնքապետի ու տեղի չինովնիկների միջև, թերթը փորձել է պարզել անձամբ գյուղապետ Մամիկոն Սմբատյանից: Նրա պատմելով ընդամենը «ձեռ ա առե» հարկայիններին: Սրանք էլ, գյուղապետի սարկազմին չդիմանալով, վազել են ոստիկաններին բողոքելու: Բանից պարզվում է` մարզային ռևիզորները «ընկել են գյուղապետի հետևից», ամեն տարի «սուտ տուգանքներ են գրում նրան պատկանող խանութի ու բենզալցակայանի վրա»: Գյուղապետն էլ պայքարում է նրանց դեմ: Այս անգամ նյարդերը տեղի են տվել, ու որոշել է հարկայինների գրագիտությունը կասկածի տակ առնել` ծաղրել է նրանց: Հարկայինի ներկայացուցիչներն էլ չեն դիմացել գյուղապետի սարկազմին ու հաշիվ են պահանջել: