15 դեկտեմբերի 2012 - 10:14 AMT
«Ժողովուրդ». Սիսիանի ոստիկանապետին պաշտոնից հեռացնելու «մեղավորը» քաղաքապետն է

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Սիսիանի նախկին ոստիկանապետ Արա Դավթյանին պաշտոնից հեռացնելու պատճառներից մեկը եղել է Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Բանն այն է, որ Դավթյանը քաղաքապետարանում արված յուրացումների մի քանի տհաճ բացահայտումներ է արել` արժանանալով Հակոբջանյանի ատելությանը: Ըստ թերթի, վերջինս էլ «տեղ է հասցրել», թե ոստիկանապետ Դավթյանը չի կարողանում պարզել քաղաքացիների կողմից հնչեցրած ահազանգերը, ու հետագայում բացահայտվել է, որ այդ ահազանգերը եղել են հենց Հակոբջանյանի ընդունարանից: Երեկ այս առթիվ թերթը զրուցել է Հակոբջանյանի հետ, սակայն վերջինս ասել է, թե նման բան չկա. «Նախ` իմ ընդունարանը շատ լուրջ աշխատակիցներով է համալրված, երկրորդն էլ` ինձ մոտ որևէ բացահայտում էլ չկարողացան անել, գործն էլ անգամ կարճվեց: Նման բան չկա, ո՞նց կարող է քաղաքապետարանը նման բան իրեն թույլ տալ, ոչ մի զանգ էլ մեր մոտից չի եղել»: