15 դեկտեմբերի 2012 - 10:17 AMT
«168 ժամ». Գագիկ Ծառուկյանը շարունակելու՞ է մնալ ԱԱԽ անդամ և ՀԱՕԿ նախագահ

«Կարծում եմ՝ այդ հարցով պետք է դիմեք կա՛մ պարոն Ծառուկյանին, կա՛մ համապատասխան կառույցներին: Դա իմ լիազորությունների շրջանակներից դուրս հարց է»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեկտեմբերի 12-ի հայտարարությունից հետո արդյո՞ք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակելու է մնալ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) անդամ և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ, թե՞ ոչ:

Իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, իր հերթին, պատասխանելով նույն հարցին, ասել է. «Ազգային անվտանգության խորհրդի անդամության հետ կապված՝ ես կոմպետենտ չեմ պատասխանելու, իսկ ՀԱՕԿ նախագահի հետ կապված՝ պարզապես կներկայացնեմ իմ համոզմունքը. իսկ ո՞վ է ունակ ավելի լավ և արդյունավետ ղեկավարելու օլիմպիական կոմիտեն, քան Ծառուկյանը»: Դիտարկմանը, որ Ծառուկյանն, ըստ էության, ԱԱԽ անդամ էր դարձել՝ որպես իշխող կոալիցիայի անդամ կուսակցության ղեկավար, Տ. Ուրիխանյանն այսպես է պատասխանել. «Ոչ, որպես մարդ, ում մասնակցությունը, աշխատանքը և գործունեությունը ՀՀ անվտանգության հարցում բոլոր առումներով կարևոր է»: Դեկտեմբերի 12-ին ԲՀԿ-ն հայտարարեց, որ կուսակցությունը ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին: