13 հունիսի 2005 - 13:01 AMT
ԼՂՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՆԵՆ ԱՐԴԱՐ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի հունիսի 19-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները լինեն արդարացի, օբյեկտիվ եւ թափանցիկ` այլընտրանք չկա»: Այդ մասին Ստեփանակերտում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը` նշելով, որ նախընտրական պայքարն ընթանում է քաղաքակիրթ հունով, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Բոլոր քաղաքական ուժերը հավանաբար հասկանում են, որ ոչ մի պաշտոնական աթոռ, ոչ մի պաշտոն չեն կարող համեմատվել երկրի ճակատագրի եւ վարկանիշի հետ: Բնական է, որ յուրաքանչյուրը փորձում է իրեն ավելի լավ ներկայացնել, քան կա իրականում, բայց մարդիկ հնարավորություն ունեն համեմատել խոսքն ու գործը, ասվածն ու կատարածը: Հուսով եմ, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի»,- ասել է նախագահը` համոզմունք հայտնելով, որ բոլոր ճամբարներում էլ կան արժանի թեկնածուներ: