17 դեկտեմբերի 2012 - 15:43 AMT
Նիկոլ Փաշինյան. Խորհրդարանական մեծամասնությունը տղա է բերել Էթիկայի հանձնաժողովի վրա

Էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու ՀՀԿ-ական պատգամավորների նախաձեռնության քննարկումն ԱԺ-ում բուռն կերպով շարունակվում է: ԲՀԿ-ն դեմ է առաջարկվող փոփոխություններին և դեմ է քվեարկելու այդ նախագծին: «Նման փոփոխությունը հանձնաժողովը կդարձնի խորհրդարանի մինի մոդելի: Մեծամասնությունն ունենալու է գերակշռող ձայն, և որևէ խնդիր, որին մեծամասնությունը դեմ է, չի քննարկվելու: Եվ որևէ խնդիր, որին փոքրամասնությունը դեմ է, քննարկվելու է, որովհետև մեծամասնությունը այդպես է ցանկանում»,- իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նկատեց, որ բերված հիմնավորումները բավարար չեն: Նա նշեց, որ ճիշտ կլիներ, որպեսզի նախագիծը ներկայացներ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը:

Իր ելույթում ՀԱԿ խմբակցության անդամ, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՀՀԿ-ի արձագանքը 83 պատգամավորների նկատմամբ քննություն սկսելու մասին Էթիկայի հանձնաժողովի որոշմանը կայծակնային էր: Հիշեցնենք, որ այդ 83 պատգամավորներից 47-ը իշխանական կոալիցիայից են: «Կառավարությունն այսպիսով միջամտում է ԱԺ-ի ներքին կանոնակարգային հարցերի քննարկմանը, որովհետև, ինչպես հիմնական զեկուցողը նշեց, իրենք են կառավարությանը դիմել հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար: Փաստորեն խորհրդարանական մեծամասնությունը տղա է բերել Էթիկայի հանձնաժողովի վրա, որովհետև իրեն այնքան էլ ապահով չի զգում Էթիկայի հանձնաժողովում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նկատեց, որ հարցը ԱԺ-ի որևէ հանձնաժողովում չի քննարկվել:

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հորդորեց նախագիծը հանել քննարկումներից: Ըստ նրա` նախագիծը պետք է ներկայացներ այն պատգամավորը, ում իրավունքները, ըստ իրեն, ոտնահարվել են Էթիկայի հանձնաժողովի վերջին նիստում: Հովիկ Աբրահամյանն էլ հորդորեց Դավիթ Հարությույանի վերաբերյալ հարցադրումներ չհնչեցնել, քանի որ նա ներկա չէ և չի կարող պատասխանել:

Բանն այն է, որ Էթիկայի հանձնաժողովում խորհրդարանական կոալիցիոն ուժերի` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները հայտնվել են փոքրամասնության կարգավիճակում, քանի որ ԱԺ Դաշնակցություն, «Ժառանգություն», ՀԱԿ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները սովորաբար միակարծիք են լինում: ԱԺ Կանոնակարգ օրենքում փոփոխություն առաջարկող Հանրապետական պատգամավորները Էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու համար առաջարկում են ամրագրել, որ որոշումներն ընդունելու համար անհրաժեշտ է, որպեսզի կողմ քվեարկեն ոչ իշխանական և իշխանական խմբակցությունները ներկայացնող առնվազն մեկական անդամներ:

Գործող կանոնակարգ-օրենքով, հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Պատգամավորներն առաջարկում են գործող օրենքում «ոչ ընդդիմադիր» բառերը փոխարինել «իշխանական» բառերով, իսկ «ընդդիմադիր» բառերը փոխարինել «ոչ իշխանական» բառերով:

Բացի այդ, ըստ նախագծի փոփոխություններ կլինեն նաև Էթիկայի հանձնաժողովի կազմավորման կարգում: Այսինքն, եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների թիվը հավասար չէ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվին, ապա Էթիկայի հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով: Այդպիսով, առաջարկվում է հետևյալը. եթե ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին:

Եվ եթե ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է ոչ ընդդիմադիր խմբակցությունների ընդհանուր թվից, ապա դրանց տարբերությունը կազմող տեղում մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ ընդդիմադիր խմբակցություններին: Այսինքն, երբ ոչ իշխանական խմբակցությունների ընդհանուր թիվը մեծ է իշխանական խմբակցությունների ընդհանուր թվից երկուսով, ապա կկիրառվի հանձնաժողովի կազմը համալրելու նշված սկզբունքը. այդ տարբերությունը կազմող տեղերում մեկական լրացուցիչ անդամ հաջորդաբար առաջադրելու իրավունքը կպատկանի իշխանական խմբակցություններին: