17 դեկտեմբերի 2012 - 15:44 AMT
Բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի: Ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում միաձայն անցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Զաքարի Նարիմանյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ ցրույցում ասաց ԵՊԲՀ մամուլի քարտուղար Վիկտորիա Անիգինան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթի մասնակցության համար պաշտոնական հայտ է ներկայացրել մեկ թեկնածու՝ Միքայել Զաքարի Նարիմանյանը:

Հավելենք նաև, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել 2012 թվականի հունիսի 16-ից, երբ Դերենիկ Դումանյանը նշանակվեց Առողջապահության նախարար: