15 հունիսի 2005 - 08:40 AMT
ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԲՈՒՆԴԵՍԹԱԳՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Գերմանիայի Բունդեսթագը հինգշաբթի օրը քննարկելու եւ ընդունելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը»: Այդ մասին հայտարարել է Գերմանիայում բնակվող եւ աշխատող լրագրող Աշոտ Մանուչարյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրա խոսքերով, բանաձեւում օգտագործվել է «ցեղասպանություն» բառը: Միեւնույն ժամանակ նշվում է, թե «բազմաթիվ անկախ պատմաբաններ, խորհրդարաններ եւ միջազգային կազմակերպություններ հայերի ջարդը ցեղասպանություն են անվանում»: «Այսինքն, Բունդեսթագը, մի կոմից, չի ուզում, որ Թուրքիան ուժեղ քննադատության ենթարկվի, մյուս կողմից` չի ցանկանում թաքցնել պատմական ճշմարտությունը», - նշել է Ա.Մանուչարյանը: Բանաձեւում նշվում է, թե «Բունդեսթագը ցավում է հայ ժողովրդի ապրած ողբերգության համար, խոնարհվում է ջարդի զոհերի առջեւ եւ ներողություն է խնդրում, որ Գերմանական կայսրությունը ոչինչ չձեռնարկեց այդ ջարդը կանխելու համար»: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հատուկ բանաձեւի ընդունման շուրջ նախնական քննարկումները Բունդեսթագում տեղի էին ունեցել ապրիլի 21-ին: Չնայած Թուրքիայի կառավարության, Գերմանիայում Թուրքիայի դեսպանության եւ թուրքական կազմակերպությունների ճնշումներին, Բունդեսթագում ներկայացված բոլոր կուսակցությունները որոշել էին մինչեւ սեպտեմբեր ընդունել Հայոց ցեղասպանության հարցով հատուկ փաստաթուղթ: