15 հունիսի 2005 - 09:30 AMT
ՂԱՐԱԲԱՂԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՅՈԹ ՇՐՋԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԻ ՓՈԽՎԵԼ
Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքները վերադարձնելու հարցում ԼՂՀ դիրքորոշման մեջ սկզբունքային փոփոխություն չկա: Այդ մասին Հայաստանի երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: «Ինչ վերաբերում է ադրբեջանցի խորհրդարանականների հայտարարություններին այն մասին, թե Հայաստանը պատրաստ է վերադարձնել այդ տարածքները, ապա սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել բոլորիս վրա եւ մեզ համոզել, թե պետք է տարածքները վերադարձնենք: Ամեն դեպքում, հայկական կողմից համանման հայտարարություններ ես չեմ լսել: Փոխարենը լսել եմ ժխտումը ադրբեջանցիների հայտարարությունների»,-նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը: