Հայաստանն ու ԵՄ-ն մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիր են ստորագրել

Հայաստանն ու ԵՄ-ն մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 17-ին, Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը և ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագիրը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Համաձայնագրի շնորհիվ Հայաստանի քաղաքացիները ավելի պարզեցված ընթացակարգով կստանան շենգենյան վիզաներ, ինչը կարևոր քայլ է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման ուղղությամբ:

Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի ԵՄ քաղաքացիները 2013թ. Հունվարի 10-ից կկարողանան Հայաստան այցելել առանց մուտքի արտոնագրերի և հույս հայտնեց, որ նույնը կարվի ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական Միության կողմից։

ԵՄ և Հայաստանը մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը նախաստորագրել են հոկտեմբերի 18-ին, Բրյուսելում: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել ՀՀ քաղաքացիներին կարճաժամկետ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը (մինչև 180 օր մնալու համար): Այս համաձայնագրով մուտքի արտոնագրերի վճարը կնվազի մինչև 35 եվրո` բոլոր քաղաքացիների համար: Որոշակի խմբերի համար (աշակերտներ, ուսանողներ, գիտաշխատողներ, լրագրողներ և այլն) կպարզեցվեն ճամփորդության նպատակը հիմնավորող փաստաթղթերը: Կկրճատվեն բոլոր տեսակի մուտքի արտոնագրերի ուսումնասիրության համար պահանջվող ժամկետները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---