18 դեկտեմբերի 2012 - 14:46 AMT
Հայաստանի Հանրային խորհուրդը հանդես է գալիս IP հեռախոսակապին անցում կատարելու օգտին

Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի և «Ազգային համագործակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ դեկտեմբերի 18-ին Երևանում տեղի է ունեցել քննարկում բնակչության համար հեռահաղորդակցական ծառայությունների մատչելիության բարձրացման թեմայով:

Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանի խոսքով, խոսքը գնում է IP հեռախոսակապին անցում կատարելու մասին, ինչը զգալիորեն էժան է ֆիքսված և բջջային կապի համեմատ: «Մեր խնդիրն է համատեղ ջանքերով պայմաններ ստեղծել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին հատկապես հանրապետության հեռավոր շրջաններում տրամադրել որակյալ և մատչելի հեռահաղորդակցական ծառայություններ»,- ասել է նա:

Այդ համատեքստում Սադոյանն ասել է, որ Հանրային խորհուրդը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ), որպեսզի օրենք ընդունվի, որը թույլ կտա փոխել օպերատորին, բայց միաժամանակ պահպանել գործող հեռախոսահամարը, ինչը կազատի ավելորդ հոգսերից:

Ինչ վերաբերվում է տնտեսվարող սուբյեկտներին, ապա հեռահաղորդակցական ծառայությունների մատչելիության բարձրացումը, նրա խոսքով, թույլ կտա լայնորեն օգտագործել համացանցի բոլոր հնարավորությունները, առաջ մղել իրենց ապրանքները և բարձրացնել շրջանառությունը:

Արշակ Սադոյանը հավելել է, որ Հանրային խորհուրդը դիմել է բոլոր պետական մարմիններին և կոչ արել բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել IP հեռախոսակապի ներմուծման արդյունավետության գնահատման մասին մոտեցումների մշակմանը:

Միաժամանակ, նա նշել է բնակչության լայն խավերի համար WI-FI հասանելիության ընդլայման անհրաժեշտությունը: Սադոյանը հաղորդել է, որ նրա տվյալներով, այսօրվա դրությամբ Երևանում կան WI-FI շուրջ 40 000 կետեր, իսկ հատուկ սարքերի տեղադրմամբ դա կդառնա ավելի մատչելի և անվճար: