18 դեկտեմբերի 2012 - 15:44 AMT
Փորձագետ. 2013-ին ղարաբաղյան հիմնահարցում ՌԴ նախագահի միջնորդական ակտիվությունը կթուլանա

ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը 2013-ին սկզբունքային փոփոխություններ չի կանխատեսում Միսնկի խմբի գործունեության մեջ: Այդ մասին նա հայտարարել է PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում: Ալեքսանդրովի խոսքով, նախկինի նման նրա գլխավոր խնդիրը կլինի պատերազմի վերսկսման կանխումը:

«Ռազմական ճանապարհով ստատուս քվոյի փոփոխության մեջ հետաքրքրված չէ ոչ մի պետություն, բացի Ադրբեջանից: Այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խումբը կաջակցի կողմերի միջև բանակցային գործընթացին և կսատարի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև «ծիսական» հանդիպումների անցկացմանը: 2013-ի հունվարին Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լիովին ներառվում է այդ ծրագրի մեջ»,- ասել է Ալեքսանդրովը: Միաժամանակ, նրա խոսքով, այս հարցում Ռուսաստանի նախագահի միջնորդական ակտիվությունը մի քիչ կթուլանա, քանի որ Վլադիմիր Պուտինը, ի տարբերություն Դմիտրի Մեդվեդևի, ավելի լավ է հասկանում միջազգային հարցերի իրողությունները և պատրանքներ չունի ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման առիթով: