16 հունիսի 2005 - 09:17 AMT
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՐՁԱՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Մոսկվայի առաջին փոխքաղաքապետ Վլադիմիր Ռեսինը դարձավ Երեւանի պատվավոր քաղաքացի: Նա արժանացավ այդ պարգեւին Մոսկվայի եւ Երեւանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հասարակական եւ տնտեսական կապերի զարգացման եւ համագործակցության համար, հաղորդում է Իտառ-Տասսը: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նշեց նաեւ Ռեսինի ներդրումը 1988 թվականի երկրաշարժից տուժած Հայաստանի շրջաններում վերականգնողական եւ շինարարական աշխատանքների կազմակերպման եւ իրականացման գործում: 1989-1992 թվականներին Վլադիմիր Ռեսինի անմիջական ղեկավարությամբ աղետի գոտում կառուցվել է շուրջ 30 բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, սոցիալ-մշակութային նշանակության այլ օբյեկտներ: Երեւանում Վլադիմիր Ռեսինի բանակցությունների թեմաներից էր նաեւ Մոսկվայի տան կառուցումը, որի մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի այցի ժամանակ: Շենքը կնախագծվի մոսկվացի եւ հայ ճարտարապետների համատեղ ուժերով: