18 դեկտեմբերի 2012 - 20:48 AMT
Եգիպտական ընդդիմության առաջնորդներին երկխոսության են հրավիրել

Եգիպտոսի Սահմանադրական վեհաժողովը դեկտեմբերի 18-ին ընդդիմության առաջնորդներին երկխոսության է հրավիրել: Ինչպես ասվում է այդ կառույցի հայտարարությունում, հանդիպմանը մասնակցելու կոչն ուղղված է ընդդիմության առաջնորդներին, մասնավորապես` Մուհամմեդ ալ-Բարադեին, Ամր Մուսային, Համդին Սաբբահիին և Աս-Սեյիդ ալ-Բադաուին:

Նախորդ շաբաթ Եգիպտոսում կայացել է նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի առաջին փուլը, որն ընդդիմությունը համարում է «անարդար և իսլամիստների շահերը հետապնդող»: Հանրաքվեի պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 22-ից հետո, երբ կավարտվի հանրաքվեի երկրորդ փուլը:

Երկուշաբթի ընդդիմությունը հերթական ցույցերն է անցկացրել երկրի ամբողջ տարածքում`«Ոչ կեղծիքներին» կարգախոսով: Հարյուրավոր ցուցարարներ այսօր ևս արդեն հավաքվել են Թահրիր հրապարակում, ինչպես նաև նախագահական պալատի շրջանում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: