19 դեկտեմբերի 2012 - 11:40 AMT
Սուսերամարտի երիտասարդների աշխարհի գավաթում Էդգար Կարապետյանը հաղթահարել է 2 փուլի արգելք

Թեհրանում կայացած սուսերամարտի խոցասուսեր ձևի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանի հավաքականը մասնակցել էր 7 մարզիկներով: Առաջին փուլի արգելքը հաղթահարել են բոլորը` Արմեն Արազյանը, Արթուր Քոչարյանը, Էդուարդ Հովիկյանը, Ռաֆիկ Աբրահամյանը, Ավետիս Տերոյանը, Էդգար Աթյանը և Էդգար Կարապետյանը: Իսկ 2-րդ փուլում հաջող է մասնակցել միայն Կարապետյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել են 14 երկրներ, որոնց թվում են Դանիան, Պորտուգալիան, Ղազախստանը, Քուվեյթը, Հորդանանը, Իրանը, Վրաստանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արտաշես Մադոյանը նշեց, որ իրենք մրցաշարին հայտավորել էին պատանի սուսերամարտիկների, որպեսզի նրանք մրցումային փորձ ձեռք բերեն:

«Մեր սպասելիքներն այս մրցաշարից ավելի շատ էին, իհարկե, մեդալներ չէինք ակնկալում, սակայն հույս ունեինք, որ երեխաներին կհաջողվի գոնե 3 փուլ հաղթահարել: Օրինակ, անցած տարի այս մրցաշարում Ռոբերտ Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր»,- ասաց նա: